ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՆԱԽԱՐԱՐԸ «ՆԻՎԱՅՈՎ» ԳՆԱ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ»

«Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՆԱԽԱՐԱՐԸ «ՆԻՎԱՅՈՎ» ԳՆԱ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ»
22.11.2011 | 00:00

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Շքեղության հարկի մասին» օրինագիծը բավականին լայն արձագանք ունեցավ, մասնավորապես շքեղությամբ «պարուրված» անձանց շրջանում: Չնայած պատգամավորն առաջարկում էր այս հարկատեսակով հարկել շքեղ առանձնատները, մեքենաները, խոշոր հողատարածքները, բայց կառավարությունն այսօր իրատեսական է համարում միայն շքեղ ավտոմեքենաների հարկումը: «Կան մարդիկ, ովքեր ունեն եգիպտական բուրգերի ու Պենտագոնի շենքից ավելի մեծ շինություններ, ավտոմեքենաների կորտեժներ, որոնց թվաքանակը կարող է բավարարել անգամ չինական բանակին: Ինչպես քաղաքակիրթ աշխարհում է ընդունված, հարուստները պիտի ավելի շատ վճարեն, որպեսզի լուծվեն սոցիալական զանազան խնդիրներ»,- ԱԺ հարցուպատասխանի ժամին հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը, որից հետո մոտեցավ վարչապետին ու նրան նվիրեց Շիրվանզադեի «Ակոյի տոնածառը» պատմվածքը: Քանի որ նկատեցինք, որ վարչապետը ակնոցը դրեց ու սկսեց ընթերցել գիրքը, անկախ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս արձագանքեց Տիգրան Սարգսյանը: «Ասաց՝ շնորհակալություն, ուշադիր կկարդամ»,- փոխանցեց Դալլաքյանը: Իսկ մինչ մերօրյա հարուստները կհարկվեն «շքեղության հարկով», փորձեցինք անձամբ նրանց դիրքորոշումը պարզել այս օրինագծի առնչությամբ:

ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Դուք պատրաստ ե՞ք Ձեր «շքեղությունների» համար հարկ վճարելու:
-Իհարկե, եթե օրենքն ընդունվի, կվճարենք: Եթե նոր մեքենա գնեմ, որը կդիտվի շքեղ, իհարկե, կվճարեմ:
-Որպես գործարար, ի՞նչ եք կարծում, օրենքի ընդունումը ժամանակի՞ն է:
-Շքեղ մեքենան ոչ թե տրանսպորտի միջոց է, այլ ավելի շատ վայելք։ Եթե ամբողջ աշխարհում այս պրակտիկան գործում է, կարծում եմ, նորմալ է նաև Հայաստանի պարագայում:
-Հայաստանի պես փոքր, ոչ հարուստ երկրի համար շատ չե՞ն այդքան շքեղ մեքենաները:
-Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն շքեղ մեքենաներ, ուրեմն թող դրանց համար էլ վճարեն:
-Դուք չունե՞ք այդպիսին:
-Եթե ունենամ, ես էլ կվճարեմ:

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-«Շքեղության հարկը» գործարարի համար հաճելի՞ օրինագիծ է:
-Ինձ համար հաճելի է:
-Ինչո՞ւ, Դուք շքեղություններ չունե՞ք:
-Ո՞վ ասաց՝ չունեմ:
-Պատրա՞ստ եք վճարելու:
-Այո, բայց օրենքը ճիշտ չէ:
-Ինչո՞ւ:
-Մարդկանց սկսում են տարանջատել:
-Հարուստներն իրենց թույլ տված «շռայլությունների» համար չպիտի՞ վճարեն:
-Եթե մարդն օրենքի դաշտում նորմալ աշխատել է ու դրա դիմաց ձեռք է բերել լավ մեքենա, տուն, անպայման պիտի տարբերվի՞ մյուսներից:
-Օրենքին դե՞մ եք:
-Հա: Եթե ընդունվի, խնդիր չկա, մեծ հաճույքով կվճարեմ, բայց օրենքը ճիշտ օրենք չէ:

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Որոշ գործարարներ դեմ են «շքեղության հարկին»: Կարծում եք՝ ճի՞շտ օրինագիծ է:
-Բնականաբար, պիտի դեմ լինեն, որովհետև հարկվում են: Իսկ օրենքը ճիշտ ա:
-Այսինքն, մարդիկ, ովքեր «շքեղ» սեփականություններ ունեն, պիտի հարկվե՞ն:
-Այո, եթե ուզում ես շքեղ մեքենա ունենաս, պիտի հարկ տաս, քանի որ պետությունը պաշտպանական, հասարակական կարգի պահպանման համար ծախսեր է կատարում: Այսինքն, քո շքեղությունները, հարստությունը պահպանելու համար վճարումներ է անում: Եթե հասարակության մեջ լինեն լուրջ ընդվզումներ, քո ունեցվածքը վտանգված կլինի:
-Անձամբ պատրա՞ստ եք հարկվելու:
-Եթե օգտվեմ, բնականաբար, այո: Այ քեզ բան, հո ես առանձին մարդ չե՞մ ըլնելու: Օրվա կեսը, ըստ նպատակահարմարության: ՈՒրեմն, եթե օրենքն ընդունվավ, բոլորն էլ վճարելու են, ըտենց մարդ չի լինի, որ չվճարի:
-Մեր փոքր երկրում որոշ մարդկանց հեքիաթային շքեղությունները նորմա՞լ են:
-Մարդու համար փոքրը ո՞րն ա: Մարդը մարդ է, կուզի շքեղ կապրի, կուզի՝ սովորական: Եթե հայ է, իրավունք չունի՞ շքեղ ապրելու:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (անկախ պատգամավոր)
-Գործարարներին հաճելի՞ օրինագիծ է «շքեղության հարկը»:
-Չգիտեմ՝ ում համար հաճելի է, ում՝ ոչ, բայց պետության համար դա պետք է: Պիտի տեսնենք` ճապոնացիները ոնց են իրենց երկրին վերաբերվում, նույնն էլ մենք պիտի անենք, որպեսզի զարգանանք ու առաջ գնանք:
-Ոչ գործարար, որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մեկը կարող է շքեղ մեքենաներ, առանձնատներ ունենալ, իսկ բնակչության կեսը նվազագույն աշխատավարձով է ապրում, եթե, իհարկե, այդ աշխատանքն էլ ունենում է:
-Այդ մարդկանց ունեցվածքը չեմ համարում ճոխություն, դա լավ ապրելու արդյունք է: Խորհրդային տարիներին Հայաստանում կար ընդամենը 300 հազար մեքենա, հիմա՝ 500 հազար: Ինչքան էլ ասենք վատ է, վատ է, երկիրն առաջ է գնում, զարգանում է:
-Ո՞Ւմ համար է զարգանում, երբ որոշ օլիգարխներ, պաշտոնյաներ են միայն բարգավաճում: Հայաստանի գյուղերից Դուք տեղյա՞կ եք, ինչպիսի՞ ծանր պայմաններում են մարդիկ ապրում:
-Ինձանից շատ ոչ մեկը գյուղը չի տեսնում, որովհետև մշտապես կապ կա իմ ընտրատարածքի գյուղերի բնակիչների հետ: Գյուղերն էլ շուտով առաջ կգնան, որովհետև իշխանություններն այսօր մեծ ուշադրություն են դարձնում գյուղերի զարգացման վրա: Մի քիչ էլ գյուղացիները պիտի լավ աշխատեն, իշխանություններն էլ լավ նայեն նրանց, սայլը տեղից կշարժվի, երկիրն էլ առաջ կգնա: Մեր երկիրը գյուղատնտեսական է համարվում, ու պիտի զարկ տանք հենց դրա զարգացմանը: Համոզված եմ՝ մոտ ապագայում դա լինելու է:
-Բնակա՞ն եք համարում, որ պաշտոնյան, օլիգարխը, գործարարն իրենց թույլ են տալիս ման գալ մեքենաների շարասյունով, թիկնապահների խմբով: Երբ խոսում ենք զարգացած երկրների մասին, պիտի հիշենք նաև, որ այդ երկրներում պաշտոնյան նույնիսկ հեծանվով է աշխատանքի գնում:
-Այդքան մի մեղադրեք գործարարներին, պատկերացնո՞ւմ եք, եթե նրանք չաշխատեն, ինչ կլինի երկրի հետ:
-Խոսքն ավելի շատ կենսաձևի մասին է ու ոչ միայն գործարարների, այլև պաշտոնյաների:
-Կարծում եմ՝ երկիրը պիտի շատ զարգանա, պաշտոնյաներն ավելի լավ մեքենաներով ման գան, իսկ գյուղացին էլ ավելի քիչ արժողությամբ մեքենա վարի: Արտասահմանից գալիս են մարդիկ, տեսնում են մեր պաշտոնյաներին, ի՞նչ կլինի, եթե մեր պաշտոնյաները, օրինակ, նախարարը «Նիվայով» գնա նրանց դիմավորի կամ բանակցի: Դա մեզ պատիվ չի բերի: Այնպես որ, դրանից չպետք է վատ զգալ: Դրանից պիտի ուրախանալ ու ձգտել, որ գյուղացին էլ ոչ թե «Մերսեդեսով», այլ ավելի ցածր կարգի մեքենայով ման գա: ՈՒնևորին քարկոծում են, այնինչ պիտի ձգտել նրան հասնել:
-Ասել է՝ զարգացածություն նշանակում է շքեղ մեքենաներ, թիկնապահներ…
-Ոչ: Զարգացածությունը ենթադրում է և՛ զարգացած տնտեսություն, և՛ մարդկանց գիտակցություն, և՛ մշակույթի, և՛ սպորտի առաջընթաց, ինչպես նաև շքեղ մեքենաներ:
-Ի վերջո, եթե օրենքն ընդունվի, Դուք վճարելո՞ւ եք Ձեր շքեղ մեքենաների համար:
-Եթե փող ունենամ, հերիքի, անպայման կվճարեմ: Դրսից գալիս են գործարարներ, ու մեզ պատիվ չի բերի, եթե նրանց հետ վատ մեքենաներով շրջենք: Սա երկրի հեղինակության հարց է նաև: Ի դեպ, ես թիկնապահներ չունեմ ու այդ մասին ոչինչ չեմ կարող ասել:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1341

Մեկնաբանություններ